среда, 11 октября 2017 г.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Լուսինե Սարգսյան 
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի 
Տնտեսագիտության ամբիոնի հայցորդ, դասախոս

Մրցունակ ազգային ինովացիոն համակարգի ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը հատուկ է ոչ բոլոր երկրերին: Դրա համար անհրաժեշտ է ունենալ մշակված հաջորդական քայլերի սխեմա կամ ճանապարհային քարտեզ: Դեռ ավելին, առանձին մոդելներով առաջնորդվելը դեռևս չի երաշխավորում, որ կոնկրետ երկրի փորձին հետևելով, կարելի է հասնել հաջողության: Այս առումով անառարկելի է մի փաստ, Հայաստանում գործուն ազգային ինովացիոն համակարգ ունենալը հրատապ անհրաժեշտություն է, քանի որ առանց դրա ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները մշուշոտ են և լի սպառնալիքներով, մասնավորապես, գիտելիքահենք տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ միավորերը և ենթակառուցվածքները իրենց ձևավորման և զարգաման ճանապարհին կարող են կորցնել առկա մրցակցային առավելությունները: Փաստ է, որ նորարական գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նպաստավոր ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի առկայությամբ: Հայաստանում նորարական գործունեության աջակցմանն ուղղված օրենսդրական դաշտի վերլուծությունը
ցույց է տալիս, որ համապատասխան օրենքները և այլ իրավական փաստաթղթերը առանձինառանձին վերցրած բավականին հուսադրող են: Սակայն պատկերը միանգամայն փոխվում է, երբ այս օրենքները փորձ է արվում համատեղել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ, հատկապես այն պարագայում, երբ զարգացումները դիտարկում ենք ազգային ինովացիոն համակարգի կատարելագործման համատեքստում: Իրավական համակարգում կարգավորման առաջին քայլերից մեկը պետք է լինի ինովացիոն կամ նորամուծական գործունեության հարկերից հնարավորինս ազատումը, քանի որ հարկային բեռի ներքո ինովացիոն ծրագրերի իրագործումը դառնում է ոչ արդյունավետ, այն պարզ պատճառով, որ ինովացիոն նախագծերը սկզբնական շրջանում չեն կարողանում ծածկել իրենց ծախսերը, իսկ եթե դրան գումարվում են նաև հարկերը (շահութահարկ, հողի հարկ, գույքահարկ և այլն), ապա առանց վնասաբերության աշխատելը դառնում է բավականին բարդ: Այս տեսանկյունից ոչ պակաս կարևոր է նաև գործարկել ՓՄՁ-ների նորամուծական գործունեության հարկերից ազատելու մեխանիզմը, այսինքն, եթե ՓՄՁ-ներն իրենց գործունեության արդյունքում որոշակի միջոցներ են ուղղում նորամուծական արդյունքների ստացմանը, ապա դրանք պետք է ազատել հարկերից: Սակայն այստեղ պետք է ցուցաբերել զգուշավորություն, քանի որ նման արտոնություններից կարող են օգտվել անբարեխիղճ ՓՄՁ-ները կամ նման ծախսերի անվան տակ կարող են իրականում թաքցվել նաև մուծվող հարկերը, իսկ դա կտանի նրան, որ տրամադրվող արտոնությունը, որպես այդպիսին չի ծառայի իր հիմնական նպատակին: Մյուս կողմից անհրաժեշտ է նաև ինովացիոն ենթակառուցվածքների (վարձակալվող տարածքների) համար ևս սահմանել արտոնյալ պայմաններ, այն է` բոլոր տեխնոպարկերի, տեխնոլոգիաների տրանսֆեր ապահովող կենտրոնների, գիտահետազոտական կազմակերպությունների, իրավաբանական անձանց, որոնք ծառայություններ են մատուցում հետազոտությունների, ինչպես նաև մշակումների բնագավառում: Դա կնպաստի նրան, որ նմանատիպ գործունեությամբ զբաղվողների համար կկրճատվեն վարձակալական ծախսերը և իրենց միջոցները հնարավորություն կտան ուղղել գիտահետազոտական ու ինովացիոն արդյունքների ստեղծմանը: Մարզերում և համայնքներում գիտության զարգացման համար անհրաժեշտ է բոլոր մարզպետարաններին, քաղաքապետարաններին, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններին և ՀՀ խոշոր համայնքներին կից ստեղծել անկախ ինովացիոն զարգացման կենտրոններ: Իհարկե, նման կենտրոններ պետք է կցված լինեն նաև առանձին նախարարություններին, ինչպես նաև օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններին ևս: Սա հենց այն մոտեցումն է, որն ապահովում է ամբողջ պետական համակարգում ինովացիոն գործունեության խթանումը և կարելի է ասել գաղափարական (ուղեղային) կենտրոնների առկայությունը: Հատկապես, եթե հնարավոր լինի ապահովել այդ միավորների կամ կենտրոնների անկախ գործունեությունը` դրանք, իսկապես, կարող են վերածվել «գաղափարական» կամ «ուղեղային» կենտրոնների, որոնք ամեն քայլի կմատուցեն այն նորամուծական փաթեթներն ու նախագծերը, որոնք կտանեն ՀՀ ինովացիոն համապետական և ազգային համակարգի ձևավորմանը: Իհարկե, եթե այս լուրջ առաջարկին կամ կարելի է ասել ինովացիոն մոտեցմանը մոտենանք չիրագործելիության տեսանկյունից, կարելի է դրա համար գտնել բազմաթիվ պատճառներ, սկսած կադրային ներուժի բացակայությունից, մինչև այն հարցը՝ որտեղից հայթայթել այն ֆինանսական ռեսուրսները, որոնք պետք է ուղղվեն ինովացիոն այդ կից մարմինների կամ կենտրոնների ձևավորմանը: ՀՀ պետական բյուջեում իրական ծախսային քաղաքականությունն այնքան էլ արդյունավետ չէ և շատ արագ կարելի է յուրաքանչյուր պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում գտնել կետեր, որոնց հաշվին կարելի է ֆինանսավորել այս նախաձեռնությունը: Մյուս կողմից նման ինովացիոն կենտրոնների առկայությունը չի ենթադրում, որ դրանք մշտապես սնվելու են պետական բյուջեի հաշվին, քանի որ ինովացիոն կենտրոնների առկայությունը ոչ միայն դրվում է բյուջեից ստացվող դրամական միջոցների հաշվին գոյատևելու համատեքստում, այլ առաջին հերթին տարբեր գիտական և ինովացիոն նախաձեռնությունների համար նաև վենչուրային կապիտալ ներգրավելու առումով: Այսինքն` ձևավորվող կենտրոնների գործունեության արդյունավետությունը կարելի է նաև հետագայում գնահատել սեփական միջոցներ հայթայթելու, ինչպես նաև առանձին ինովացիոն ծրագրեր ներկայացնելով՝ դրամական միջոցներ հայթայթելու և հասարակական կյանքի, ինչպես նաև գիտահետազոտական առանձին նախագծեր կյանքի կոչելու և շուկայում առևտրայնացված արդյունքներ դուրս բերելու առումով: Սա բավականին բարդ գործընթաց է, սակայն իրականում դրանով կստեղծվի նաև առանձին խնդիրների լուծմանն ինովացիոն մոտեցումներ առաջարկող թիմերի գաղափարը, որոնք կմասնագիտանան այս կամ այն ոլորտում, քաղաքներում և համայնքների առանձին խնդիրներ լուծելու բնագավառում: Հարկ է նշել նաև, որ այս մարմինները կամ կենտրոնները չպետք է ունենան որևէ քաղաքական ուղղվածություն: Նման շտաբային կառուցվածքային ստորաբաժանումներ ունեն գրեթե բոլոր խոշոր կորպորացիաները, որոնք իրենց որոշումների կայացման և նոր նախագծերի ներկայացման ժամանակ պարտադիր հաշվի են նստում ինովացիոն զարգացման իրական վեկտորների որոշման հետ: Օրենսդրական մյուս մեխանիզմը, որը կարելի է գործարկել, կապված է բարձր արդյունավետությամբ աշխատող, շահութաբերության ցուցանիշներով, նորարարական ապրանքների վաճառքի տեմպերով աչքի ընկած կազմակերպություններին հարկային և վարկային արտոնություններ տալով: Այսինքն` ստեղծելով բանկային ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու, կուտակած շահույթը ներդրումների վերածելու և արտաքին շուկաներ գրավելու համար նախապայմաններ: Իհարկե, այս մոտեցումների որդեգրումն արդարացված է, քանի որ իրականում ստեղծում է խթանման համակարգ` պետության կողմից տրվող արտոնություններից օգտվելու համար, և դա պետք է արվի ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլ նաև առանձին գիտահետազոտական կազմակերպությունների, գիտաշխատողների համար (ի դեպ այդ համակարգը վերջերս է ներդրվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ամենաարդյունավետ աշխատող գիտաշխատողների հավելավճար տալու տեսքով) 2 , որոնք յուրաքանչյուր իրենց նոր նախաձեռնությունը սկսելիս համոզված կլինեն, որ դա ոչ թե անտեսվելու է պետության կողմից, այլ արժանանալու է խրախուսման, ինչպես նաև պարգևատրման, այսինքն` նման պարգևատրման և խթանման համակարգերն իրականում շատ քիչ են կամ բացակայում են ՀՀ-ում, որոնք առաջին հերթին ունեն իրավական մեխանիզմների միջոցով կարգավորման անհրաժեշտություն: Գիտական, տեխնիկական և ինովացիոն գործունեության կառավարման արդյունավետության բարձրացում ապահովելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է իրականացնել լուրջ փոփոխություններ: Փորձենք առանձնացնել հաջորդ մեխանիզմների խումբը, որոնց միջոցով կարելի է հասնել դրան: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է մշակել «նորարարական» արտադրանքի միջոցով տեղական և համաշխարհային շուկա դուրս գալու ռազմավարություններ: Իհարկե, համարել, որ նման ռազմավարությունները հեշտ են կյանքի կոչվում և կառավարման արդյունավետության խնդիրն այդքան հեշտ է լուծել, սխալված կլինենք, քանի որ դրա համար անհրաժեշտ են ոչ միայն մեծ ներդրումներ և երկար փողեր, այլ նաև ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ: Իհարկե, շատ մեծ կարևորություն ունի ոչ միայն ինովացիաների կառավարումը, այլ նաև կառավարման գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը, որը կարող է արտահայտված լինել «էլեկտրոնային կառավարության»  (ի դեպ այս համակարգը ևս ՀՀ-ում գործում է), թվայնացման ծավալների, մատուցվող էլեկտրոնային ծառայությունների տեսքով և այլն: Հարկավոր է ստեղծել հատուկ Ինովացիոն բանկ, որը կաշխատի առանձնահատուկ իրավական ռեժիմում, այսինքն` իր մասնագիտական ուղղվածությամբ, վարկավորմամբ և այլն կտարբերվի ՀՀ-ում գործող մյուս բանկերից և կզբաղվի բացառապես ինովացիոն նախագծերի և “start up” կամ նոր ինովացիոն գործունեություն սկսող կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Սա բավականին մեծ ռիսկայնությամբ աշխատող բանկ կարող է լինել, այդ իսկ պատճառով վերջինիս առանձնահատուկ կարգավիճակը չի ստիպի, որ այն դիտարկեն ՀՀ մյուս բոլոր բանկերի գործունեության հետ միևնույն հարթությունում: Այս բանկի առաջնային խնդիրներից պետք է լինի նաև ցածր տոկոսադրույքներով վենչուրային կապիտալի ներգրավումը, այսինքն` այդ բանկը պետք է ունենա վենչուրային և ինովացիոն ուղղվածություն: Այս բանկի գործառույթներից պետք է լինի նաև առանձին խոշոր ներդրումային հիմնադրամների, ինչպես նաև խոշոր ինովացիոն կենտրոնների հետ համագործակցության շրջանակների ընդլայնումը, քանի որ իրականում բակը կարող է հանդիսանալ ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ տրամադրող, այլ նաև ներգրավող, ինչպես նաև ստեղծված արդյունքների առևտրայնացման համար արտերկրից գործընկերներ որոնող: Այսինքն` նման ֆինանսական միջնորդական ծառայություններ մատուցող հատուկ կարգավիճակ ունեցող կառույցները կարող են բացել դռները նորամուծությունների ոլորտ ֆինանսական ռեսուրսներ մուտք գործելու առումով: Աշխարհում իրականում բավականին շատ են լուրջ ներդրումային նախաձեռնություններ ֆինանսավորել ցանկացողները, պարզապես հայկական ստեղծագործական միտքը և այդ կենտրոնների համագործակցությունը միավորող կառույցների և ինստիտուցիոնալ միջավայրը ստեղծողների պակաս կա: Այս հարցին միայն որոշ անհատներ են կարողանում ճիշտ լուծումներ տալ, սակայն ընդհանուր և համակարգված բնույթ դա չի կրում: Հաջորդ կարևորագույն առաջարկն ուղղված է ՀՀ ԳԱԱ կազմում գիտահետազոտական ինստիտուտների կողմից ստեղծված արդյունքների առանձին «Գիտական-գործնական և գիտատեխնոլոգիական կենտրոնի» ստեղծումը, որի կողմից կհավաքագրվեն և առևտրայնացման գործընթացով կանցնեն ստեղծված լուրջ գիտական արդյունքներ: Այսինքն` հարկավոր է ձևավորել այն ֆիլտրացիոն կենտրոնը, որը տարանջատելով ստեղծված գիտական արդյունքներն ըստ կարևորության` կզբաղվի վերջիններիս պատենտավորման, առևտրայնաց- ման, շուկա դուրս բերելու և ընդհանրապես ստեղծված արդյունքների իրաց մամբ, եթե դրան դեմ չեն գիտաշխատողները և պատրաստ են իրենք անել այդ ողջ գործընթացը: Կամ կարելի է դա կազմակերպել պայմանագրային հիմունքներով: Իհարկե, այստեղ կարող են ստացվել գիտական արդյունքներ, որոնք նյութական չեն և առևտրայնացման ենթակա չեն, սակայն այս հարթությունում ևս կարելի է մշակել մոտեցումներ և, օրինակ` հումանիտար և հասարակական գիտությունների համար ընտրել արդյունքների իրացման այլ մոտեցումներ կամ մեխանիզմներ (հղման բարձր գործակից ունեցող ամսագրերում տպագրության կազմակերպում, թվայնացում և www.amazon.com-ում վաճառքի կազմակերպում): Կարելի է նաև մտածել լուրջ գիտական աշխատանքների թարգմանության խնդրի մասին, այսինքն` Հայաստանում գիտության միջազգայնացման խնդրի լուծման համար կարելի է ստեղծել նաև մասնագիտական թարգմանությունների կենտրոններ: Դեռ ավելին, հնարավոր է նաև ստեղծել միջազգային դրամաշնորհային հայտերի մշակման, դրանց դիմելու, տարբեր լեզուներով զեկույցներ պատրաստելու աջակցության կենտրոններ և օգտագործել լեզվաբանական կրթություն ունեցողների ներուժը, այսինքն` ստանալ լուրջ սիներգետիկ արդյունք գիտահետազոտական աշխատանքով զբաղվող և լեզվաբանական հմտություններ ունեցողների միավորման շնորհիվ: Բայց, այնուամենայնիվ. նշենք, որ առաջնային դիրքում են մնում գիտագործնական և տեխնոլոգիական բնույթի ինովացիաները: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջիններս նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն են ընձեռում: Այսինքն` գիտությանն աջակցող այս ողջ ինստիտուցիոնալ առանձին փոքր միավորների համակարգը պետք է փորձի լրացնել այն բացը, որը չի կարողանում գիտական հետազոտություններից հետո ապահովել նպատակային արդյունքներ: Կարելի է ասել, որ գիտության մեջ ևս գոյություն ունի լոգիստիկ շղթա այնպես ինչպես արտադրության մեջ, և գիտության այս լոգիստիկ շղթայի տարրերը փորձեցինք ներկայացնել վերևում: Հարկ ենք համարում նշել, որ մարզերում` քաղաքային և գյուղական համայնքներում ձևավորվող ինովացիոն կենտրոնները, որոնք կլինեն մարզպե տարանի, քաղաքապետարանի, գյուղապետարանի կազմում, պետք է իրենց մեջ ունենան նաև նորամուծությունների առևտրայնացում ապահովող գործառույթներ, այսինքն` ցանկացած նոր գաղափար և առաջարկություն, որը կարող է տվյալ համայնքի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ, պետք է այդ կենտրոնի միջոցով առևտրայնացում ապահովող մեխանիզմներով անցնի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում դա կազմակերպվի նաև այդ կենտրոնների ցանցի միջոցով: Այսինքն` տարածաշրջանային մակարդակում նորամուծությունների զարգացման համար պետք է լինի ինովացիաների առևտրայնացման միասնական ցանց մուտք գործելու հնարավորություն: Սա շատ նման է Եվրոպական «Հորիզոն 2020» մոդելին, սակայն այստեղ ոչ թե ինովացիոն միասնական ցանցին կամ համակարգին միանում է երկիրը, այլ երկրի ներսում է ձևավորվում նման մոդել, որի կիրառությունը գաղափարների գեներացիա է ապահովում ամբողջ Հայաստանի մակարդակով: Իհարկե, պետք է նաև հստակ սահմանվի եկամուտների բաշխման աստիճանակարգման համակարգը, քանի որ իրականում ամենամեծ արդյունքը պետք է ստանա նորարարության հեղինակը: Դա նաև լուրջ խթանող ազդեցություն կարող է ունենալ հետագայում նորարարական նախագծերի քանակական և որակական ավելացման հարցում: Իհարկե, որպես այդպիսին չի կարող ազգային ինովացիոն համակարգը սահմանափակվել այս ամենով, քանի որ պետք է նպատակաուղղված ձևով ստեղծվեն կոնստրուկտորական-տեխնոլոգիական կենտրոններ, փորձարարական արտադրություններ սկսվեն, գիտությունը տեղափոխվի արտադրություն` ստեղծելով գիտաարտադրական միավորումներ, ճյուղային լաբորատորիաների ցանցեր, համատեղ գիտաարտադրական կենտրոններ, ինժեներական ընկերությունների ցանց և այլն: Հաջորդ կարևորագույն համակարգային տարրը, առանց որի հնարավոր չէ հասնել գիտական, տեխնիկական և ինովացիոն գործունեության, ինչպես նաև ազգային ինովացիոն համակարգի կատարելագործման կամ բարելավման, գործուն ֆինանսավորման մեխանիզմների առկայությունը կամ մշակումն է: Հարկ ենք համարում նշել, որ ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումն ինքնանպատակ բնույթ չունի, քանի որ վերջինս ուղղված է լինում, սովորաբար, կատարվող հետազոտությունների և մշակումների արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցությանն այն արտադրողներին, որոնք ունեն արտահանման ուղղվածություն և որոնց արտադրանքի մեջ գիտատեխնիկական բնույթի արտադրանքն ունի մեծ տեսակարար կշիռ: Ֆինանսավորման ծավալների աճը կամ առանձին մեխանիզմների ներդրումը շատ դեպքերում նպաստում է ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև ՕՈՒՆ-ների ներգրավմանը և այլն: Իհարկե, ազգային ինովացիոն համակարգի ֆինանսավորման մեխանիզմները պետք է չլինեն տարանջատված, այլ ընդհակառակը պետք է գործի միասնական ֆինանսական ենթակառուցվածքի մոդելով: Հարկ է նշել, որ այս առումով Հայաստանում դեռևս շատ անելիքներ կան, քանի որ այդ միասնական սխեման անգամ իր առանձին տարրերով որպես այդպիսին չկա: Իհարկե, գուցե գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողների համար նշանակություն չունի թե դա ինչ կառույցից է ստացվում, ինչպես են միջոցները ձևավորվում և այլն: Եվ գիտահետազոտական աշխատանք կատարողը պետք է ինչ որ ձևով ֆինանսավորվի և հետո ստանա իր առևտրայնացվող արդյունքը: Սակայն ֆինանսական կառավարման տեսանկյունից այս հարցը շատ կարևոր է: Այստեղ, կարծում ենք, պետք է գործի մեկ պատուհանի սկզբունքը, ինչպես նաև պարզ մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան կազմակերպել ողջ ինովացիոն գործընթացը: Հակառակ պարագայում, առաջանում է լուրջ մրցակցություն ֆինանսավորման այդ լծակներն ունենալու համար, դեռ ավելին փորձագիտական գնահատականներ և ֆինանսավորում տվող մարմինների նույնացման պարագայում առաջանում է սուբյեկտիվ մոտեցման հիմքեր: Այսինքն` հարկավոր է ֆինանսավորման քվոտավորված համակարգ սահմանել և ըստ ոլորտների բազային և թեմատիկ ֆինանսավորում իրականացնել` բացառելով այս կամ այն ոլորտին նախապատվություն տալու հարցը (բացառությամբ` հատուկ կարևորության թեմաների): Այսինքն` փորձագիտական գնահատականներ տվողներին և ֆինանսավորողներին բաժանել իրարից, իսկ քվոտաների միջոցով ֆինանսավորել գիտության համաչափ զարգացումը: Գիտահետազոտական և նորամուծական գործունեության ֆինանսավորման ներքին աղբյուրների հարցը կամ պետական բյուջեից հատկացվող միջոցներն այս առումով կարելի է արդյունավետ կառավարել, սակայն խնդրի բարդությունը կայանում է դրսից հատկացվող կամ ստացվող դրամաշնորհների և առանձին վենչուրային հիմնադրամների միջոցների կոորդինացված կառավարման մեջ: Սա կազմակերպելու պարագայում լուծում կստանա ազգային ինովացիոն համակարգում առկա ամենակարևոր խնդիրներից մեկը, այն է` կհստակեցվի «գիտություն-տեխնոլոգիաներ-արտադրություն-շուկա» շղթան, ինչպես նաև ինովացիոն կապիտալի ձևավորման համակարգը: Իհարկե, նշված հարցերի կարգավորման մեխանիզմների համար, նախ և առաջ, անհրաժեշտ է Հայաստանում բարձրացնել ներքին ծախսերը, որոնք ուղղվում են հետազոտություններին, ինչպես նաև ՀՆԱ-ի մեջ դրանց տեսակարար կշիռը հասցնել գոնե 1%-ի, ինչպես նաև տարեկան դրանք ավելացնել 0.1%-ով, մինչև լուրջ գիտական արդյունքներ չարձանագրվեն: Շատ կարևոր է նաև, որ հարկաբյուջետային, դրամավարկային և ներդրումային քաղաքականություններն այս դաշտում ուղղորդել այնպես, որ ստեղծվեն բարենպաստ պայմաններ հանրային-մասնավոր համագործակցության ընդլայնման և գիտական, տեխնիկական և ինովացիոն գործունեության ֆինանսավորման համար: Գիտության և ինովացիաների ֆինանսավորումը չպետք է լինի միակողմանի, այնպես ինչպես հիմա ՀՀ-ում է և, դեռ ավելին, ազգային ինովացիոն համակարգի մինչև 2020թ.-ի մոդելի հիմքում հենց միակողմանի ֆինանսավորման սխեման է, դա կարող է հանգեցնել մյուս ոլորտներում գիտության լուրջ խնդիրների: Այդ իսկ պատճառով գիտության բազմավեկտոր ֆինանսավորման համակարգն ամենաարդյունավետը կարող է լինել: Որի գործունեության վեկտորները պետք է լինեն գիտական գործունեության, գիտատեխնիկական, տեխնոլոգիաների մշակման և ինովացիոն նախագծերում նոր ֆինանսական գործիքների (կենսաթոշակային, վարկային, ապահովագրական, վենչուրային կապիտալի) կիրառումը, մի խոսքով երկար փողերի ուղղորդումը դեպի գիտություն: Ֆինանսական համակարգում առկա ամենալուրջ դժվարություններից մեկը նա է, որ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորման գործիքները, այն է` երկար և կարճ փողերը մտնում են հակասության մեջ, այսինքն` կարճ փողերի հաշվին գիտություն չի կարելի ֆինանսավորել, քանի որ վերջինս ունի ավելի երկար ետգնման ժամանակահատված, ինչպես նաև մի նախագծի հաշվին հաջողության չհասած նախորդ նախագծի ծախսերը փոխհատուցելու մեխանիզմ: Սա բավականին լուրջ խնդիր է նաև մի շարք բանկերի համար, քանի որ նման խնդիրների պատճառով կարող են սկսվել ֆինանսական և բանկային ճգնաժամեր: Հարկավոր է նաև մշակել լուրջ համաֆինանսավորման սխեմաներ, որի շրջանակներում հետազոտությունների և գիտատեխնիկական փորձաքննությունների ժամանակ կներգրավվեն արտասահմանյան փորձագետներ` ապահովելով գիտական, տեխնիկական և ինովացիոն համակարգի առաջավոր  փորձի տեղայնացում կամ փոխանակում, սակայն պետք է փորձել արտերկրից ներգրավել ոչ թե խորհրդատվության սխեմաների միջոցով, այլ անմիջապես գործին մասնակցելու և արդյունք ստեղծելու մեխանիզմով: Այսպիսով` ազգային ինովացիան համակարգի կատարելագործման գործընթացը բավականին բարդ է, քանի որ եթե պայմանականորեն հիմք ընդունենք, որ ՀՀ-ն ունի այս կամ այն չափով ձևավորված ազգային ինովացիոն համակարգ, ապա վստահաբար կարող ենք ասել, որ մի շարք միջազգային համաթվերի, ինչպես նաև արդյունքային ցուցանիշերի տեսանկյունից այն ոչ մրցունակ է: Սա նշանակում է, որ կա´մ հիմնովին պետք է վերանայվի և նոր տողից սկսվի ազգային ինովացիոն համակարգի ձևավորումը, կա´մ արդիականացվի ու կատարելագործվի գործողը: Այս հարցի շրջանակներում բավականին շատ առաջարկություններ ներկայացրեցինք ազգային ինովացիոն համակարգի կատարելագործման ուղղությամբ, սակայն ինչպես ցույց է տալիս ՀՀ անկախացումից հետո ընկած մոտ 1/4 դարյա պատմությունը, գիտական և ազգային ինովացիոն համակարգի զարգացման փոխարեն Հայաստանն ունի միայն հետընթաց և դեռ ավելին դանդաղ կորցնում է այն գիտական ներուժը, որը կուտակել էր ԽՍՀՄ-ի տարիներին:

Комментариев нет:

Отправить комментарий