ԵԼՔ դաշինքի ծրագիր
Փոքր և միջին ձեռնարկատիրություն
ա) Տարեկան մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն շրջանառության հարկով.
ընդ որում կսահմանվի եռաստիճան համակարգ՝ մինչեւ
150 միլիոն դրամ շրջանառություն, մինչեւ 300 միլիոն դրամ
շրջանառություն, մինչեւ 500 միլիոն դրամ շրջանառություն,
եւ նշված սանդղակում առավել մեծ շրջանառություն ունեցող
ընկերությունների համար կսահմանվի շրջանառության նվազ
դրույքաչափ: Ընկերությունները հնարավորություն կունենան
ընտրել Շրջանառության հարկով կամ ԱԱՀ-ով հարկման
դաշտում աշխատելու միջեւ:
բ) Կներդրվի ՓՄՁ շահերի պաշտպանության` Բիզնես
օմբուդսմենի ինստիտուտ՝ լայն լիազորություններով: Բիզնես
օմբուդսմենը, սերտ համագործակցելով ՓՄՁ-ների շահերի
պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների
հետ, անընդհատության ռեժիմով կընդունի ՓՄՁ-ներից
ստացվող բողոքները պետական մարմինների հարուցած
խոչընդոտների, մրցակցության խաթարման, կոռուպցիոն
երևույթների վերաբերյալ և կպաշտպանի ՓՄՁ շահերը:
գ) Մինչև 20 քմ ՓՄՁ կրպակների համար կսահմանվի
հաստատագրված վճար:
դ) Մաքսազերծման հսկիչ գները կվերացվեն և մաքսազերծ-
ման հիմքում կդրվեն հաշիվ ապրանքագրերը և տվյալ ապրանքի գների մասին համացանցում առկա տեղեկատվությունը:
Կրթություն և գիտություն
ա) Հայաստանյան առաջատար բուհերի ճարտարագիտական, ծրագրավորման, կիբեռնետիկայի, բնական գիտությունների ֆակուլտետների և բնական գիտությունների
թեքումով ավագ դպրոցների բազայի հիման վրա Սիլիկոնային
հովտի օրինակով կձևավորվի գիտաարտադրական
կոմբինատ, որը կգործի ամառային և ձմեռային ճամբարների
տեսքով` պետական միջոցներից, հանգանակություններից,
գրանտներից համաֆինանսավորվելու միջոցով: Ճամբարում
փորձի փոխանակման և դասախոսելու կհրավիրվեն Սփյուռքի
և Հայաստանի գիտատեխնիկական ոլորտի առաջատար
մասնագետները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր
մասնագետներ:
բ) Հանրակրթական դպրոցներում կներդրվի միջազգային
բակալավրիատ ծրագիրը, որ միջազգային հանրակրթական
լավագույն ծրագրերից է, դասավանդվում է Հայաստանի մի
քանի դպրոցներում և ապացուցել է իր արդյունավետությունը:
Ծրագիրը կհայկականացվի՝ հաշվի առնելով հայաստանյան
մանկավարժության լավագույն փորձը:
գ) «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ուսումնական
հաստատությունների ղեկավար կազմին կարգելվի որևէ
կուսակցության անդամ լինել:
դ) Ուսումնասիրությունների արդյունքում կստեղծվի
Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների սոցիալական
վիճակի քարտեզ: Քարտեզի հիման վրա՝ զգալի
թվով անապահով աշակերտներ և առաջադիմության
խնդիրներ ունեցող դպրոցներին կհատկացվեն լրացուցիչ
միջոցներ՝ աշակերտներին լրացուցիչ, անվճար կրթական
ծառայությունների մատուցման համար:
ե) Գյուղական համայնքներում դպրոցները կդառնան
կրթամշակութային կենտրոններ, որտեղ գործում են
մարզական, արվեստի, արհեստի, ինտելեկտուալ խաղերի
խմբակներ: Դպրոցները նաև կհագեցվեն նորագույն տեխնոլոգիաներով՝ երկարաժամկետ համագործակցություն
ձևավորելով միջազգային տեխնոլոգիական կենտրոնների և
լավագույն կրթական հաստատությունների հետ: Հատկապես
գյուղական համայնքներում դպրոցները կդառնան երեխաների
արտադպրոցական զբաղվածությունն ապահովող հիմ-
նարկներ, և նրանց դռները չպետք է փակվեն դասապրոցեսի
ավարտից հետո:
զ) Դպրոցների, միջին և բարձրագույն մասնագիտական
հաստատությունների ուսումնական ծրագրերը արմատապես
կվերանայվեն՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակի
պահանջներին և աշխատաշուկային:
է) Կխրախուսվի ուսուցիչների միասնական արհմիութենական
շարժման ձևավորումը, որը կպաշտպանի ուսուցիչների
շահերը:
ը) Առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրակրթությանը
հատկացվող բյուջետային միջոցները կկրկնապատկվեն, ինչը
կհանգեցնի նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացման:
թ) Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կհասցվի
ՀՆԱ-ի 3 տոկոսի:
ժ) Կներդրվի պրոֆեսորադասախոսական կազմի դասաժա-
մերի բաշխման մրցութային կարգ:
ի) Բոլոր պետական դպրոցներում կստեղծվեն
տեխնոլոգիական լաբորատորիաներ. հիմնական և
ավագ դպրոցում ՏՏ մասնագիտությունների նկատմամբ
հետաքրքրությունն ավելացնելու նպատակով ուսումնական
պարտադիր ծրագրում կներառվեն ինժեներակական և
ծրագրավորման դասընթացներ:
լ) Առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ
մշակույթի քարոզը, աջակցություն կցուցաբերվի հայոց
լեզվի զարգացմանը. մշակութային քաղաքականության
հիմնական նպատակը կդառնա հանրության կրթական ցենզի
շարունակական բարձրացումը:
խ) Կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց
աջակցության կենտրոն, որը բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության բոլոր փուլերում համագոր-
ծակցությամբ կաջակցի հաշմանդամություն ունեցող ուսանողների որակյալ և մատչելի կրթության ապահովմանը՝
տրամադրելով մասնագիտական և տեխնիկական աջակցություն ուսանողներին և դասախոսական կազմին:
Հայաստանը բարձր տեխնոլոգիական-արդյունաբերական (ռազմարդյունաբերական) երկիր դարձնելու ծրագրի իրագործում
ա) 150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից:
բ) Բանակի գնումները հայաստանյան արտադրողներից՝ 5 կավելանան տարեկան պաշտպանական բյուջեի առնվազն 2 տոկոսի չափով:
գ) Հայաստանի զինված ուժերի զինանոցում առկա զինտեխնիկայի՝ վիճակագրորեն ամենահաճախ խափանվող դետալների արտադրությունը կկազմակերպվի Հայաստանում՝ սկսելով ամենապարզ դետալներից, հընթացս ձգտելով հասնել ավելի բարդ դետալների և սարքավորումների արտադրության:
դ) Արտադրական հոսքագծերի և օժանդակ սարքավորումների ներմուծումը երկու տարի ժամկետով կազատվեն ԱԱՀ-ից և մաքսատուրքից: Էլեկտրոմոբիլների ներկրումը և վաճառքը կազատվեն ԱԱՀ-ից և մաքսատուրքից:
ե) Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերություն- ները կազատվեն շահութահարկից և մաքսատուրքից:
զ) Գերակա ճյուղերում՝ որպես արտադրական տարածք օգտագործվող շինությունները 5 տարի ժամկետով կազատվեն գույքահարկից:
է) Որպես գործազրկության վերացման, բյուջեում ուղղակի հարկերի ավելացման միջոց կդիտարկվի ծանր արդյունաբերությունը: Առաջնայնություն կտրվի գունավոր մետալուրգիային և քիմիական արդյունաբերությունը, հնարավորինս փակելով արտադրական ցիկլը և հումք արտահանող երկրից վերածվելով վերջնական ու մրցունակ ապրանք արտադրող երկրի: Արտոնյալ պայմաններ կստեղծվեն Սյունիքի մարզում մետաղաձուլական գործարան ստեղծելու համար: Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավելով՝ ամենակարճ ժամկետում Կապանի երկաթգծի կայարանը կկապվի ԻԻՀ Ջուլֆայի երկաթգծի կայարանին` ապահովելով հանքարդյունահանման և մետաղաձուլման արդյունքում ստացվող ու մատակարարվող նյութերի տեղափոխումը երկաթգծով:
ը) Էլեկտրաէներգիայի և գազի սակագները 10-15 տոկոսով կնվազեցվեն՝ կորուստների նվազեցման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգակիրների ներկրման այլընտրանքային աղբյուրներից օգտվելու միջոցով:
Ամբողջությամբ՝ Ելք դաշինքի ծրագիր
Комментариев нет:
Отправить комментарий