вторник, 14 марта 2017 г.

Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2017թ. Ազգային ժողովի նախընտրական ծրագիր

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Պատմականորեն հայ մարդը եղել է աշխատող և իր քրտինքով հավելյալ արժեք ստեղծող: Բարեխիղճ ձեռներեցին, գործարարին, աշխատող և աշխատանք ստեղծող մարդուն պետք է աջակցել, օգնել: Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ: Այս ամենը ոչ ոք մեր փոխարեն չի անի, և մենք հաջողության հասնելուն այլընտրանք չունենք: Հետևաբար, մենք շարունակական և բոլորի համար շոշափելի բարեփոխումներ ենք իրականացնելու տնտեսության մեջ, հարկային և մաքսային ոլորտներում, ինչը ներառելու է փոփոխություններ օրենսդրական և կադրային քաղաքականության մեջ:
Այսօր Հայաստանի տնտեսությանը անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ: Պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ և միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին:
Տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու՝



  • մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումը,
  • ներդրումային միջավայրի հետագա բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը,
  • տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրումը,

տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը:

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

Մեր ախտորոշումն է. չնայած գործարար միջավայրը գնահատող միջազգային կազմակերպությունների հարցման արդյունքներով արձանագրված առաջընթացին՝ Հայաստանում դեռևս՝

  • առկա է վարչարարություն իրականացնող մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների անհամաչափ կամ անհավասար կիրառում,
  • ցածր է դատական համակարգի արդյունավետությունը` վարչական կամ տնտեսական վեճերի, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերում:

Արդյունքում՝

  • ցածր է «գործարար միտք - գործարար նախաձեռնություն - գործարար ծրագրերի իրականացում» շղթայի արդյունավետությունը,
  • ՀՆԱ-ում ցածր է փոքր և միջին բիզնեսի մասնակցությունը,
  • բարձր են բիզնես ծրագրերի անընդհատության ռիսկերը,
  • ցածր է արդար ձեռնարկատիրության միջոցով հաջողության հասնելու հավատը:

Մեր նպատակն է. բիզնեսի համար անկանխատեսելի ռիսկեր պարունակող գործարար միջավայրից անցում ապահովել դեպի այնպիսի միջավայր, որտեղ պետության կարգավորումներն ունեն նվազագույն անհրաժեշտ ծավալ, բարձր հստակություն, համաչափ և հավասար կիրառություն, կայունություն և կանխատեսելիություն, իսկ բիզնես վեճերը կարգավորվում են արդար և արդյունավետ (հատկապես` ժամանակային առումով)։
Այս ուղղությամբ արագ անցում կատարելու նպատակով պետք է առաջնահերթ լուծվեն հետևյալ խնդիրները՝

  • նոր գործարար նախաձեռնություններին պետական աջակցության մեխանիզմների լրացում նոր` արդյունավետ գործիքներով,
  • ՓՄՁ-ների նախաձեռնությունները կենսունակ բիզնես ծրագրեր դարձնելու գործընթացի` արդյունավետ պետական աջակցության մեխանիզմների ստեղծում,
  • խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և դրանց առանձնահատուկ խնդիրների կարգավորում:


Ներդրումներ
Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներդրումների հոսքի բարձր մակարդակը:
Մեր նպատակն է օտարերկրյա ներդրումների` ներկայիս անբավարար մակարդակի կտրուկ աճի ապահովումը։
Այդ ճանապարհին պետք է առաջնահերթ լուծվեն հետևյալ խնդիրները՝

  • ներդրումների պաշտպանության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում,
  • ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում,
  • Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիության բարձրացում:

Առաջիկա քայլերը՝

  • հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով կստեղծվի ներդրումային հիմնադրամ,

գործարար հանրության հետ քննարկումների արդյունքների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա կներկայացվի Հայաստանում «պետություն-մասնավոր» գործընկերության արդյունավետ մոդելը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մեր ախտորոշումն է. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգում տեսանելի են հետևյալ խնդիրները՝

  • նախադպրոցական կրթության ընդգրկվածության ցածր մակարդակ,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության ցածր մակարդակ,
  • գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համակարգը չի ապահովում արդյունավետ լուծումներ առկա խնդիրների համար,
  • կրթության բովանդակությունը լիովին չի համապատասխանում հասարակության զարգացման արդյունքում առաջացող պահանջներին,
  • գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման արդի պահանջների միջև անհամապատասխանություն,
  • ճարտարագիտական և կիրառական հետազոտությունների ընդհանուր ծավալը շատ փոքր է ֆինանսավորվող գիտական հետազոտություններում։

Արդյունքում ունենք՝

  • կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների հետ անհամապատասխանություն,
  • դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանություն,
  • կրթական գործընթացում նորարարական և տեխնոլոգիական կրթական մեթոդների կիրառման փոքր ծավալներ,
  • գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարություն,
  • բուհ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա համագործակցու­թյան ոչ բավարար մակարդակ։

Մեր նպատակն է. ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ:
Այդ նպատակով պետք է՝

  • մշակել ֆինանսավորման նոր մեխանիզմ «Միջին բեռնվածության դպրոց» և «Թերբեռնված դպրոց» կատեգորիաների դպրոցների համար,
  • իրականացնել բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներ՝ կապելով ֆինանսավորումը յուրաքանչյուր առարկայի, ոչ թե կիսամյակի հետ,
  • ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը և ուսումնասիրել նախակրթարանները 12-ամյա կրթության համակարգում (1+11) ներառելու արդյունավետությունը,
  • ապահովել առցանց դասընթացների, տեսադասերի և պարապմունքների մշակումը, ներդրումն ու հասանելիությունը ՀՀ գյուղական համայնքներում,
  • ձևավորել ազգային կրթակարգ՝ միաժամանակ հանրակրթական ծրագրերում ավելացնելով շեշտադրումը օտար լեզուների, բնագիտական առարկաների և մաթեմատիկական առարկաների վրա,
  • առարկայական ծրագրերը համապատասխանեցնել արդի պահանջներին, սահմանել դասագրքերի նոր չափորոշիչներ և վերանայել դասագրքերի բովանդակությունը,
  • իրականացնել բուհական համակարգի կառուցվածքային բարեփոխումներ և ձևավորել ինժեներատեխնիկական ու բնագիտական կլաստերներ,
  • ընդլայնել և բազմազանեցնել բուհերի միջազգայնացման գործընթացը,
  • ապահովել Հայաստանի` եվրոպական բարձրագույն կրթական տարածքի գործընթացներին շարունակական ակտիվ մասնակցությունը համաեվրոպական և ազգային մակարդակներում, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի նպատակների ու խնդիրների հետևողական իրագործումը,
  • գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ,
  • գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական հետազոտությունների մասնաբաժինը։

Մեր երկրում կրթության առաջնայնության նպատակադրման հիմքում մեր մանկավարժներն են, ուստի պետությունը պետք է հստակ ընդգծված վերաբերմունք ունենա մանկավարժների հանդեպ: Մանկավարժները մեր երկրում պետք է լինեն գնահատված և զգան պետության հոգածությունը: Մանկավարժի աշխատանքը պետք է լինի պատվաբեր և պահանջված, մանկավարժը պետք է լինի հպարտ իր մասնագիտությամբ և կեցությամբ:

Ամբողջությամբ՝ https://www.lovearmenia.am/hy/programs/ 

Комментариев нет:

Отправить комментарий