Սարատիկյան Նարեկ,
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ.
Տնտն. Ինստիտուտ ասպիրանտ
Շուկայական տնտեսության ներկայիս փուլում
կարևորվում է տնտեսության համաչափ զարգացումը, ինչն ենթադրում է թուլացնել կենտրոնացման
բարձր տեմպերը, որոնք գնալով ավելի ընդգծուն տեսք են ստանում: Համաչափ զարգացում ասելով
նախ և առաջ պետք է հասկանալ տարածական զարգացում, որը ապահովում է պետության ամենատարբեր
մարզերի և համայնքների զարգացում:
Հարկ
է նշել, որ այսօր տարածական զարգացումը ՀՀ-ում գտնվում է անմխիթար վիճակում: Ասվածի
վառ վկայություն են հանդիսանում ինչպես պաշտոնական վիճակագրությունների ներկայացված
թվերը[1], այնպես
էլ հետազոտողների կողմից հրապարակած արդյունքները[2]:
Տարածքային
զարգացման անհամաչափությունների նման վիճակը կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով:
Դրանցից առավելլ ուշագրավ են հատկապես ներքոնշյալ երկու գործոնները.
1. Մեզանում վարչատարածքային վերջին բաժանումը տեղի է ունեցել 1995թ., <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքի հիման վրա: Պետք է նշել, որ այդ բաժանումը լուծում էր տվյալ ժամանակի խնդիրները, իսկ ռազմավարական զարգացման առումով, որևէ հիմնավորում չուներ[3]:
Ասվածից պարզ է դառնում, որ տարածքային տնտեսության անհամաչափ զարգացման հիմնական և գլխավոր պատճառ է հանդիսանում տարածական ոչ ճիշտ կամ անհապատասխան բաժանումը, որը իր բացասական հետևանքն է թողնում տնտեսության զարգացման վրա: Բնականաբար նորանկախ Հայաստանն այդ ժամանակ ուներ ավելի կարևոր խնդիրներ, ուներ պետությունը կայունացնելու և պատերազմի հասցրած վնասները փոխհատուցելու խնդիր: Այս ամենի ֆոնի վրա, դժվար էր մանրամսն ուսումնասիրել տարածական տնտեսության առանձնահատկությունները և դրան համապատասխան ծրագրեր մշակել:
2. Տարածքային զարգացման անհամաչափությունները Հայաստանի Հանրապետությունում սկսել են խորանալ տնտեսական աճի արագացմանը զուգընթաց` 2000 թվականից, և հիմնականում արտահայտվում են մայրաքաղաք Երևանի տնտեսական դերի և նշանակության աճով, որի արդյունքում կենսամակարդակի տարբերությունը Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև անընդհատ աճել է: Մեծ են նաև անհամաչափությունները մարզերի միջև: Երկարաժամկետ ապագայում, տարածքային մեծ և, առավել ևս, խորացող անհամաչափությունները կարող են ուղղակիորեն և անուղղակիորեն բացասաբար անդրադառնալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա: Մասնավորապես` անհամաչափ տարածքային զարգացումը նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության անցանկալի արտահոսքին ու քաղաքային համայնքներում, հատկապես` Երևանում կենտրոնացմանը:[4]
Տարածքային տնտեսության անհամաչափ զարգացումը էլ ավելի խորը կերպով սկսվել է արտահայտվել տնտեսական աճի զուգընթաց: Այդ ժամանակաշրջանում տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում, մեծացավ Երևանի տնտեսական նշանակությունը, մյուս արդյունաբերական քաղաքաները /Վանաձոր, Գյումրի, Սպիտակ, Ալավերդի և այլն / ամենատարբեր պատճառներով սկսեցին հետընթաց ապրել: Մարզային տնտեսության ոչ ճիշտ կառավարումը, ենթակառուցվածքների թույլ զարգացված լինելը, բնակչության արտագաղթը նույնպես իր բացասական ազդեցությունը թողեց տարածքային անհամաչափ զարգացման վրա:
Ներկայումս մշակվում են ամենատարբեր ծրագեր և միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է ազդել տարածքային համաչափ զարգացման վրա:
Սակայն, հարկ է նշել, որ տնտեսության զարգացումը, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացումը, իրենից ենթադրում է զգալի ֆինանսական միջոցների ներգրավում, ռեսուրսների առկայություն, արտաքին տնտեսական հարաբերությունների կայունացում, արտահանման ծավալների ավելացում և այլն: Գործոններ, որոնց ներկայումս մեր հանրապետությունը չի տիրապետում կամ բավարար մակարդակի վրա չեն գտնվում:
Ի հակադրություն այս ամենին, կամ տնտեսության տարածքային զարգացման այլընտարանքային տարբերակ կարելի է դիտարկել գիտությունը, գիտակրթական քաղաքականությունը:
Գաղտնիք չէ, որ ներկայումս շատ պետություններ բուռն կերպով զարգացնում են գիտությունը ու կրթությունը, և այդ ամենը ունի շատ պարզ բացատրություն` այսօր տնտեսության հիմնական շարժիչ ուժ է համարվում գիտությունը, ինովացիոն տեխնոլոգիաները և մարդկային ներուժը:
Չի կարող լինել կայուն զարգացում առանց մարդկային կապիտալի զարգացման, մարդկային կապիտալի ներուժ, որը վճռորոշ դեր ունի ցանկացած երկրի տնտեսության համար, կարող է վճռել երկրի զարգացման ընթացքը: Այս ամենը վկայում են այն բանի մասին, որ այսօր գիտելիքը պետք է դիտարկել նաև որպես տնտեսական ապրանք, որի որակից և քանակից է կախված տնտեսության հետագա զարգացումը, ապրանք որի ճիշտ օգտագորումը կարող է զգալի օգուտներ տալ տնտեսությանը, իսկ սխալ օգտագործում կամ ուղղակի չօգտագործելը վնասներ հասցնել տնտեսությանը: Նման մոտեցումը առավել արդիական է հատկապես բնական պաշարներով և ռեսուրսներով աղքատ ՀՀ տնտեսության համար:
Ամփոփելով միտքը կարել է ասել, որ գիտելքից կախված այդ նոր համակարգն ընդունված է անվանել գիտելիքահենք տնտեսություն[5], որը ՏՀԶԿ-ն սահմանել է որպես <<տնտեսություն, որն ուղղակիորեն հիմնված է գիտելիքի և տեղեկատվության արտադրության, բաշխման և օգտագործման վրա>>[6]
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ տարածական զարգացումը կարող է հիմնվել գիտելիքահենք տնտեսության վրա, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ ապահովում է երկարատև կայուն զարգացման համար անհրաժեշտ մարդկային կապիտալի կուտակում և դրա արդյունավետ զարգացում[7]:
Պատահական չէ, որ ականավոր տնտեսագետ Ա. Մարշալը կապիտալի բնութագրել է հետևյալ կերպ. <<Կապիտալի նշանակալի մասը կազմում են գիտելիքները և կազմակերպությունները…>>[8]
Այսինքն, եթե այսօր մենք համադրում ենք տարածքային տնտեսության հնարավորությունները և հեռանկարները, ապա հստակ երևում է, որ տարածքային տնտեսության զարգացման հեռանկարները, կամ գոնե դրանց ներկայացված պահանջները, ավելի մեծ են քան նրա հնարավորություններն այսօր: Եթե չիրականացվեն որոշակի փոփոխություններ, ապա շատ հավանական է, որ տարածքային տնտեսության համաչափ զարգացումը այդպես էլ կմնա որպես երազանք: Իսկ որպեսզի երազանքը դառնա իրականություն, անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ, որոնք կարող են զգալի կերպով ազդել տարածքային տնտեսության համաչափ զարգացման վրա: Իսկ այդ ամենի համար ահնրաժեշտ չեն նավթ, շուկաներ, ծով, ոսկի, այդ ամենին կարելի է հասնել միայն ու միայն գիտելիքահենք տնտեսության և կրթված հասարակության շնորիվ:
Գիտության զարգացումը կենսական նշանակություն ունի հատկապես բնական պաշարներով ոչ հարուստ, աշխարհաքաղաքական բարդ խնդիրներ ունեցող Հայաստանի համար:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր գիտությունը մեծ ազդեցություն ունի տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հանդիսանում է տնտեսության շարժիչ ուժը, կարող ենք վստահորեն ասել, որ գիտակրթական քաղաքականության ճիշտ կառավարումը կարող է նաև զգալի մեծացնել տարածքային տնտեսության զարգացման ներուժը: Հանդես գալով որպես յուրօրինակ ուժ հասարակության զարգացման, կայունացման գործում, ինչպես նաև խթանել տնտեսական աճը:
Գիտելիքահենք տնտեսության մոդելը անմիջական ազդեցություն է թողնում նաև սոցիալական միասնության վրա կամ այլ կերպ ասած՝ գիտելքի հասարակությունը հանդես է գալիս որպես սոցիալական միասնության գրավական[9]:
Գիտակրթական քաղաքականության ճիշտ կառվարումը և դրա զարգացումը մարզերում կարող է զգալի թեթևացնել նաև մարզերի բնակչության սոցիալտնտեսական վիճակը, հաշվի առնելով այն փաստը, որ կրթություն՝ը հատկապես բարձրագույն կրթությունը, գտնվում է կենտրոնացման բարձր փուլում, կրթական ենթակառուցվածքների զարգացումը մարզերում կարող է դրական ազդեցություն թողնել տարածքային տնտեսության վրա` դիտարկելով որպես յուրօրինակ ներդրում մարզերում[10]:
Այս համատեքստում կարևորվում է նաև գիտության կառավարման խնդիրը: Կառավարում, որը պահանջում է բարդ և համակողմանի մոտեցումներ կրթության ոլորտում: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս պարագայում պետությունն ունի զգալի անելիք երկրի կառավարման և նրա զարգացման գործում: Պետության դերը գիտության կառավարման գործում պայամանավորված է նաև այն գործոնով, որ կառավարումը պետք է բխի պետության որդեգրած քաղաքականությանը և ներդաշնակի պետական քաղաքականությանը:
Այսպիսով պետության կողմից գիտության կառավարումը պետք է ներդաշնակի կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող քաղաքականությանը, նկատի ունենալով, որ վերոնշյալ ոլորտները փոխկապակցված են հետևյալ բանաձևով` <<գիտությունը նոր գիտելիք է գեներացնում, կրթության միջոցով փոխանցում է սերունդներին, իսկ ձեռք բերած գիտելիքը պահպանում է մշակույթը>>[11]:
Որպես ամփոփում հարկ ենք համարւմ ներկայացնել մի քանի դրույթներ և առանձնահատկություններ, որոնք մեր կարծիքով կարող են ապահովել տարածքային տնտեսության զարգացումը գիտելիքահենք տնտեսության պայմաններում.
1. Ունենալ լավ կրթված հասարակություն
2. Տնտեսության մեջ զարգացնել գիտատար ճյուղերը
3. Մարզերում իրականացնել ներդրումներ գիտության ոլորտում
4. Բարելավել մարդկային կապիտալի որակական կողմերը
Մրցունակ և զարգացող տնտեսություն ունենալու համար պետք է շարժվել շուկայի ժամանակակից պայմաններին և թելադրանքին համահունչ, շուկայական տնտեսության նախկին մեթոդները այլևս չեն տալիս ցանկալի արդյունքներ, պետք է շարժվել նոր մոտեցումներով, զարգացնել կրթությունը, գիտությունը, նորաստեղծական տնտեսությունը: Ապահովել տարածքային տնտեսության համաչափ զարագացում մարդկային կապիտալի և գիտության ներուժի շնորհիվ: Չմոռանալով, որ նյութական բարիքները սպառվում են դրանց օգտագործման զուգընթաց, իսկ գիտությունը հակառակը` ավելանում:
<<Հաջորդ հասարակությունը կլինի գիտելիքի հասարակությունը: Գիտելիքը կլինի հիմնական շարժիչ ուժը, և գիտելիքային աշխատողները կլինեն աշխատուժի գերիշխող խումբը>>[12]
[1] http://www.armstat.am/file/article/marz_12_10.pdf
[2] Կ. Գրիգորյան, Տարածական զարգացման ծրագրամեթոդական և գիտահետազոտական հիմնախնդիրները, Տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, 2012թ. Գիտաժողովի նյութեր, Եղեգնաձոր 2013, էջ 32
[3] Ս. Խաչիկյան, Տարածական զարգացման առանձնահատկությունները ՀՀ մարզերում, Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում, ՀՊՏՀ 23-րդ գւտաժողովի նյութեր, էջ 582
[4] <<Տարածքային զարգացման հայեցակարգ>> ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի նիստ N25 արձանագրային որոշում, էջ 2
[5] Գ. Վարդանայնան, գիտելիքի կառավարումը և տնտեսական զարգացումը, Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում, ՀՊՏՀ 23-րդ գւտաժողովի նյութեր, էջ 13
[6] OECD (1996), ''The Knowledge-based Economy'' OECD / STI Outlook, Paris. p. 3.
[8] А. Маршал Принципы экономической науки, т. I. М: Прогрес 1993г. С 208
[9] Գ. Վարդանյան Գիտելիքահենք տնտեսություն, Երևան 2008թ. էջ 347
[10] Ն. Սարատիկյան, Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը,ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 2-րդ գիտաժողով ,ԵՊՀ, Երևան 2014 էջ 104
[11] Կ. Աթոյան, Համալսարանական գիտության և երկրի տնտեսական զարգացման քաղաքականության առնչությունները, Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում, ՀՊՏՀ 23-րդ գւտաժողովի նյութեր, էջ 5
[12] P. Drucker, The Next Society. Economist, 1 November, 2000. http://www.economist.com/node/770819
Комментариев нет:
Отправить комментарий