пятница, 26 февраля 2016 г.

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ. ՆՊԱՏԱԿ, ԹԵ ՄԻՋՈՑ

Երկար ժամանակ է, ինչ տարբեր մակարդակներում քննարկման թեմա է դարձել ՀՀ-ում համայնքների խոշորացման հարցը: Դրա վերաբերյալ կան իրարամերժ մոտեցումներ: Այսպես. խոշորացման կողմնակիցները կարծում են, որ համայնքների խոշորացման արդյունքում կտնտեսվեն շոշափելի ֆինանսական միջոցներ`ի հաշիվ վերջիններիս ղեկավար աշխատակազմի թվի կրճատման, ինչն էլ հնարավորություն կտա որոշակի մեծածավալ խնդիրներ լուծելու խոշորացված համայնքում: Խոշորացմանը դեմ արտահայտվողներն էլ համարում են, որ տարածական մեծ հեռավորությունը բնակավայրերի միջև բնակչության մեծ մասին կզրկի տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խոչընդոտ կհանդիսանա բնակչության ակտիվ մասնակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Դեռևս 2007 թ. մեր հրատարակած հոդվածներում անդրադարձել ենք այս խնդրին: Այժմ էլ, երբ խնդիրն օրակարգում է, և ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է երեք խումբ համայնքների խոշորացում`
որպես պիլոտային ծրագիր, մենք նույն կարծիքին ենք մնում. ելնելով ներկայիս իրավիճակից` համայնքների խոշորացումն առանձին դեպքերում անխուսափելի է, սակայն միայն առանձին դեպքերում և համապատասխան հիմնավորմամբ, քանի որ համայնքների խոշորացումը չի կարող լինել նպատակ: Եթե խոշորացումը դիտենք որպես ֆինանսական միջոցներ տնտեսելու նպատակ, այն արդարացված չի լինի, քանի որ հարկ է առանցքային համարել համայնքների եկամուտների ավելացումը, այլ ոչ թե ծախսերի կրճատումը: Խնդրի դիտարկումը բնակչին տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք ծառայություններ մատուցելու տեսանկյունից`դարձյալ արդարացված չէ, քանի որ, այս դեպքում ծառայությունները բնակչին մոտեցնելու փոխարեն, շատ դեպքերում, դրանք ավելի դժվարհասանելի կարող են դառնալ: Համայնքների ֆինանսական միջոցներն ավելացնելու և բնակչությանը տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք ծառայություններ մատուցելու նպատակով անհրաժեշտ է զարգացնել համայնքների տնտեսությունները: Համայնքների խոշորացման արդյունքում բնակչության թվի մեխանիկական մեծացումը տնտեսության զարգացման երաշխիք լինել չի կարող, քանի որ, ըստ բնակավայրերի, բնակչության թիվը չի ավելանում. որոշ դեպքերում կարող է նույնիսկ նվազել` կապված միավորվող համայնքների աշխատակազմի քանակի կրճատման հետևանքով գործազրկության ավելացման հետ: Փաստորեն, գործ ունենք խնդրի հետևանքների և ոչ թե պատճառների հետ: Իսկ խոշորացման միջոցով փորձելով վերացնել հետևանքները` մենք չենք լուծում խնդիրը: Որպես օրինակ` անդրադառնանք Լոռու մարզի Թումանյան համայնքի կազմավորմանը (աղյուսակ 1): Եթե հաշվի առնենք, որ Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր համայնքները Թումանյան համայնքից 20−26 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 1500−1650 մ բարձրության վրա են գտնվում, իսկ Թումանյան համայնքը` 810 մ բարձրության վրա, ապա, կարծում ենք, արդարացված կլիներ այս չորս համայնքների խոշորացումը Լորուտ կենտրոնով, որն ունի բնակչության կայուն քանակ և ծառայություններ մատուցելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ` ավագ դպրոց, հիվանդանոց, մանկապարտեզ, մշակույթի տուն և այլն: Քարինջ և Մարց համայնքները կարելի էր միացնել Թումանյան համայնքին. հեռավորությունը 3−5 կմ է: Արդյունքում` կունենանք երկու խոշորացված համայնք` համապատասխանաբար 1653 և 2913 բնակիչներով: Միաժամանակ, կխուսափենք տրանսպորտային անհարկի ծախսերից:

Լոռու մարզի խոշորացվող համայնքները
աղյուսակկ1

Համայնք
Բնակչության թիվը /մարդ 01.01.14թ/
Բարձրությունը ծովի մակարդակից
1
Թումանյան /քաղաք/
1696
810
2
Աթան
218
1650
3
Ահնիձոր
199
1500
4
Լորուտ
1026
1500
5
Մարց
568
1050
6
Շամուտ
210
1500
7
Քարինջ
649
1230

Անհրաժեշտ է վերացնել համայնքների տնտեսությունների զարգացմանը խոչընդոտող պատճառները: Դրանք մեր համոզմամբ, պայմանավորված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերության և տեղական ինքնակառավարման համակարգի անկատարությամբ ու անարդյունավետությամբ: Այս տեսանկյունից` առաջարկում ենք խնդրի լուծման երկու տարբերակ.
1. Վերանայել ՀՀ վարչատարածքային բաժանումը, վերադառնալ նախկինում գործող շրջանային համակարգին. ձևավորել համայնքների ղեկավարների շրջանային խորհուրդ և խորհրդի նախագահին օժտել նաև պետական կառավարման լիազորություններով շրջանի տարածքում` ապահովելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հնարավորությունների համադրումը շրջանի տնտեսության զարգացման նպատակով, ինչը ենթադրում է երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգ:
2. Կազմակերպել շրջանային կառուցվածքին համահունչ միջհամայնքային միավորումներ (կամ համայնքների միություններ)` համաձայն ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 78−80 հոդվածների, համայնքների ղեկավարների խորհրդի նախագահին տալ նաև պետական կառավարման լիազորություններ` աստիճանաբար մարզպետարանների լիազորությունները հանձնելով վերջինիս: Մարզպետարանների լուծարման արդյունքում կկրճատվեն վարչական ծախսերը, կավելանան միջհամայնքային միավորումների լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները: Փոխարենը` Կառավարության լիազոր մարմնի կազմում կարելի կլինի, ըստ անհրաժեշտության, ավելացնել տարածաշրջաններում աշխատանքները համակարգող փոխնախարարների հաստիքներ:
Եթե առաջարկվող առաջին տարբերակում անհրաժեշտ է քաղաքական որոշում, այն է` վարչատարածքային բաժանման հետ կապված սահմանադրական փոփոխություններ, ապա երկրորդ տարբերակի պարագայում քաղաքական որոշման անհրաժեշտություն չկա: Ավելին, դա պարունակում է համայնքների խոշորացման տարրեր: Այսպես`
·            ֆինանսական որոշակի միջոցների կենտրոնացում,
·            միջհամայնքային համատեղ ծրագրերի կազմում և իրականացում,
·          ըստ համայնքների` գյուղատնտեսական աշխատանքների ծրագրավորում և իրագործում
· գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործում,
·            վառելիքի, սերմացուի, քիմիկատների, պարարտանյութերի պաշարների ստեղծում,
·            ստացված բերքի իրացման և վերամշակման կենտրոնացված կազմակերպում և այլն:

Արդյունքում` կպահպանվի համայնքների ինքնուրույնությունը, ինչը հնարավորություն կտա բնակչին ստանալու տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք ծառայություններ և, ցանկության դեպքում, ակտիվորեն մասնակցելու դրանց աշխատանքներին: Այդ իրավունքը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներից է: Ավելին, 2013 թ. փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է որոշում ՙՀՀ Ազգային ժողովի որոշումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ՙՏեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ՚ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին՚, որով նախատեսվում է ՙվավերացնել 2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ՙՏեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ՚ լրացուցիչ արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2013 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1067 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՚: Հետևապես` վերը նշված հիմնարար սկզբունքների և ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջների խախտումը, որևէ հիմնավորմամբ, անընդունելի է:

Հեղինակ` Թագուհի Օհանյան
Աղբյուր՝ http://media.asue.am/upload/2015.2_Banber.pdf

Комментариев нет:

Отправить комментарий