2014 թվականից մինչ այսօր անկում ապրող նավթի գները պատուհաս են դարձել նավթ արտադրող, ինչպես նաև նավթի ներկրումից կախված պետությունների համար։ Այլ կերպ ասած՝ ամբողջ աշխարհը ավելի ու ավելի է մխրճվում ճգնաժամի մեջ։ Թվում է, թե էժան հումքը պետք է դրական դեր խաղա յուրաքանչյուրի առօրյայում՝ մարդկանց, ովքեր սպառում են բենզին, էլեկտրականություն, գնում են ապրանքներ, որոնց արտադրությունը իրենց հերթին կախված է ածխաջրածիններից։
Սակայն ամեն բան այդքան պարզ չէ. նավթի վաճառքը ապահովում է նավթ արտադրող ու նավթի տարանցիկ պետությունների բյուջեների եկամուտների զգալի մասը։ Նավթային ասեղից կախվածության մեջ ընկնելը չափազանց հեշտ է այն իրավիճակում, երբ ավանդական նավթի արտադրության ինքնարժեքը կազմել է 15-ից 30 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց, իսկ վաճառքի գինը հասել էր մոտ 120 դոլարի։ Գերշահույթներ ստացող պետությունները ցուցադրել են զգալի աճ տարիներ շարունակ, սակայն զրկվելով այժմ հսկայական եկամուտներից ի վիճակի չեն լրացնելու առաջացած բացը։ Անկումը ցավոտ է ու ազդում է ոչ միայն նավթ արտադրողների վրա, այլ բոլորի, ովքեր այսպես թե այնպես կապված են անկում գրանցող պետության հետ։
Գնի անկումը գրանցվում է մի քանի հիմնական պատճառներով։
Առաջինը ու ըստ վերլուծաբանների, հիմնականը Չինաստանի կողմից սպառվող նավթի տարեցտարի ավելացող ախորժակների նվազումն է։ Դրա մի քանի պատճառ կա, որոնցից են տնտեսության աճի դանդաղումն է, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների շահագործման ուղղությամբ ծախսվող հսկայական ռեսուրսները։ Արդյունքում աշխարհի բազմաթիվ պետություններ, որոնք ամեն տարի ավելացնում էին նավթի արտադրությունը՝ իմանալով, որ Չինաստանն ունի կարիք այդ լրացուցիչ նավթի, այժմ մեծ ծավալներով շարունակում են արտադրել, սակայն նավթը արդեն չունի հին պահանջարկը։
Երկրորդ պատճառը՝ ԱՄՆ կողմից թերթաքարային նավթի արտադրության մեծ ծավալներն են, ինչը ԱՄՆ-ին դարձրեց աշխարհում նավթ արտադրող համար մեկ պետություն։ ԱՄՆ-ի նավթային պահուստները գրեթե լցված են, իսկ շուկան գերհագեցած։ Այս գերհագեցվածությունն է, որ անցած տարի բերեց նավթի գների անկմանը, ու իր հերթին բերեց անկման ևս մեկ պատճառի։
Երրորդ՝ Սաուդյան Արաբիան, որը նախորդ տարիներին նվազեցնում էր իր արտադրության ծավալները՝ փրկելով աշխարհը գնանկումներից ու գերհագեցվածությունից, այժմ հրաժարվում է դա անել։ Պատճառը հարվածելն է ոչ ավանդական նավթային արտադրությանը, ասել է թե՝ ԱՄՆ թերթաքարային նավթի արտադրությանը ու դրա պատճառով նավթի գերհագեցվածությանը։ Նավթի ցածր գները հարվածում են Սաուդյան Արաբիային նույնպես, սակայն նոր տեխնոլոգիան գերեզման հասցնելն արժի ավելի թանկ, քանի որ ի տարբերություն նավթի ավանդական արտադրության ինքնարժեքի, ԱՄՆ թերթաքարային նավթի մեկ բարելի գինը 50 դոլարից ավել է, իսկ շուկայական գինը այժմ 30 դոլարից պակաս։ ԱՄՆ ընկերությունները իրենց հերթին հեշտ ադապտացվում են իրավիճակին՝ դադարում են նոր հանքահորեր փորել, որոնք թերթաքարային տեխնոլոգիայի պարագայում անհրաժեշտ է իրականացնել 1-2 տարին մեկ, ի տարբերություն նավթի ավանդական հանքահորերի, որոնք սովորաբար սպառվում 10 տարուց ոչ շուտ։ Այժմ ԱՄՆ պակասեցնում է նավթի արտադրությունը, սակայն նավթի գինն արդեն ընկած է, ու կպահանջվեն տարիներ՝ դրանից առաջացած կորուստները վերականգնելու համար։
Եվ որպես չորրորդ հանգամանք պետք է նշել նաև Իրանի մուտքը շուկա։ Հունվարի 18-ին ԱՄՆ-ը ու ԵՄ-ն վերացրեցին Իրանի դեմ տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցները, Իրանը կրկին անգամ համաշխարհային նավթային շուկայի անդամ է ու պատրաստվում է օրական լրացուցիչ 500 հազար բարել արտադրել ու արտահանել։ Սա կշարունակի պահպանել նավթի գերհագեցվածությունն աշխարհում, ինչը հուշում է, որ գինը դեռևս չի հասել իր նվազագույն մակարդակին։
Նավթի ցածր գներն ուղիղ կերպով բացասապես են ազդում փոխարժեքների մակարդակների վրա։ Նավթ արտադրող պետությունները, իսկ իրենց հետևից նաև իրենց տնտեսական հարևանների փոխարժեքները անկում են գրանցում։ Այսպես` անցած տարի հարվածի տակ հայտնվեցին Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիգերիան, Վենեսուելան, ու թվում է թե բարեկեցիկ Նորվեգիան ու Կանադան։ Փոխարժեքների անկումը իր հերթին բերում է զգալի գնաճի` շղթայական ռեակցիայի բոլոր հետևանքներով։
Ինչպես հնչեց մի քանի օր առաջ Ռուսաստանում Գայդարյան Տնտեսական Ֆորումի շրջանակներում. Եկել է նավթային դարի վերջը։ Քարե դարը ավարտվեց ոչ այն պատճառով, որ վերջացան քարերը։ Ու այժմ նավթային դարը ավարտվում է, քանի որ առաջացել են նոր տեխնոլոգիաներ, որոնք պետք է կիրառել, զարգացնել ու սկսել մարդկության պատմության նոր փուլը։ Որքանով նավթային կախված տնտեսությունները կընկալեն այս միտքը, կախված կլինի՝ կառերեսվենք ապագայում կրկին նման ճգնաժամների, թե ոչ։
Աղբյուր tert.am
Комментариев нет:
Отправить комментарий