Սոս Խաչիկյան, տ. գ. թ., դոցենտ
Տարածքային տնտեսությունների զարգացման դերն ու նշանակությունը հասարակական կյանքում և հանրային կառավարման
համակարգում աստիճանաբար դառնում է ավելի մեծ: Դա պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ զարգացած տնտեսա-
կան կենտրոնների և թույլ զարգացած տարածքների միջև փոխհարաբերություններն այժմյան գլոբալ տնտեսության պայմաններում պահանջում են առավել համակարգված գործողություններ,
որի համար տարածքային տնտեսությունները պետք է ապահովեն
համապատասխան չափանիշներ: Հետևաբար անհրաժեշտություն
է առաջանում պետության հանրային կառավարման համակարգում տնտեսության տարածքային զարգացումը դնել ավելի բարձր
մակարդակի վրա: Մյուս կողմից, ակնհայտ է, որ նույնիսկ գլոբալ
տնտեսության պայմաններում որոշակի տարածքում գտնվող
տնտեսական սուբյեկտները փոխհարաբերություններ են ձևավորում հիմնականում միմյանց միջև: Այդ հարաբերությունների հիմքում գտնվում են ոչ միայն տնտեսական կամ աշխարհագրական,
այլև մարդկային և սոցիալական գործոններ: Այսինքն` տնտեսա-
կան հարաբերությունների հիմքում տնտեսական գործոններից
բացի կարևոր նշանակություն ունեն մարդկանցով պայմանավորված փոխհարաբերություններ` հիմնված որոշակի արժեհամակարգերի վրա: Իսկ տարբեր տարածքներում քանի որ գործում են
տարբեր արժեհամակարգեր, ապա որոշակի տարածքի զարգաց-
ման համար կարևոր նշանակություն է ստանում սոցիալական
կապիտալի դերը: